ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը

Armenpress 18:45, 25 Ապրիլ, 2024

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը Հայաստանին միջազգային տարբեր հարթակներում:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտելու, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման և ագրեսիայի հետագա փորձերը կանխելու, Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման կոչ անելու և հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրավունքի երաշխավորումը պահանջելու վերաբերյալ» բազմակուսակցական բանաձևի՝ բացարձակ մեծամասնությամբ ընդունման համար: Սա շատ կարևոր քայլ է հայ ժողովրդի համար»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:

Ըստ աղբյուրի՝ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է ընդլայնել Հայաստանի Հանրապետությանն աջակցող փոխգործակցության շրջանակը խորհրդարանական մակարդակում` ընդգծելով համագործակցությունը կրթության, մշակույթի, անվտանգության և այլ ոլորտներում:

Նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը, Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

«Անդրադառնալով անվտանգային իրավիճակին Հարավային Կովկասում՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ֆրանսիացի խորհրդարանականների՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ուղեկցությամբ իրականացրած աշխատանքները, շնորհակալություն հայտնել  էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց հումանիտար օգնություն տրամադրելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի պաշտպանողական կարողությունների զարգացման, անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ հանդիպմանը ներկա է եղել Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am